


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխուժորեն զարգացնում է համագործակցությունը «Դաշնային ուղևորատար ընկերության» հետ», - հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Այս տարվա մարտին մենք Երևանում անցկացրեցինք ուղևորատար ընկերությունների հանձնաժողովի նիստ, որին մասնակցեցին ԱՊՀ և մերձբլաթյան բոլոր երկրների ներկայացուցիչներ: Եվ այդ հանձնաժողովի շրջանակում փոխգործակցության ու համագործակցության շուրջ համաձայնագիր ստորագրեցինք «Դաշնային ուղևորատար ընկերության» հետ: Համաձայնագրի շրջանակում մենք արդեն այս տարի ձեռնամուխ ենք եղել այն գնացքների տոմսերի վաճառքի նախագծի իրացմանը, որոնք ձևավորվում են Ռուսաստանում` «Դաշնային ուղևորատար ընկերության» կողմից», - նշել է նա, հավելելով, որ այդ ծառայությունն արդեն պահանջարկ է վայելում հայ սպառողների շրջանում:
Նշենք, որ ՀԿԵ և «Դաշնային ուղևորատար ընկերության» միջև մարտին Երևանում ստորագրված համաձայնագիրը նախատեսում է նաև միջազգային ուղևորափոխադրումները կարգավորող իրավական հիմքի փոփոխման, լրացման և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների համատեղ մշակում, համագործակցություն ուղևորային փաստաթղթերի վաճառքի բնագավառում, այդ թվում` ինտերնետի միջոցով, տվյալ բնագավառում նորարական լուծումների կիրառման հնարավորությունների ուսումնասիրում և այլն:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100% դուստր ընկերություն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված պայմանագրով: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:


