Արմինֆո. Մենք որոշել ենք ուժեղացնել մեր առաքելությունը Հայաստանում. ավելի շատ դիտորդներ և ավելի շատ պարեկներ սահմանի զգայուն հատվածներում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդը հոկտեմբերին կայացած նիստում քննարկել է, թե ինչպես ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ եւ աջակցել նրա ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը, նրա կայունությանը, անվտանգությանը եւ երկրում բարեփոխումների շարունակմանը:
Բորելը հավելել է, որ ԵՄ-ում կուսումնասիրեն Հայաստանին հնարավոր աջակցությունը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները:
"Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ ՝ ներքին և արտաքին ։ Եվ Ադրբեջանին հղված մեր ուղերձը պարզ էր. Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է լինելու և լուրջ հետևանքներ է ունենալու մեր հարաբերությունների որակի վրա:
Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման և [Եվրոպական] խորհրդի նախագահ [Շառլ Միշելի] աշխատանքի կոչ ենք անում։ Մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագրի կնքում, և մենք լի ենք մեր միջնորդական դերը շարունակելու վճռականությամբ", - նշել է նա։
ԵՄ գլխավոր դիվանագետը նաեւ հաղորդել է, որ Բրյուսելը որոշում է կայացրել Հայաստանի արտգործնախարարին [Արարատ Միրզոյանին] հրավիրել միանալու իրենց՝ արտաքին գործերի հաջորդ խորհրդի կուլուարներում: