Արմինֆո. Arquus-ի արտադրության Bastion զրահապատ մեքենաները, որոնք Ֆրանսիան ուղարկել է Հայաստան, ավելի վաղ նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն, Կիևը դրանից հրաժարվել է։ Այդ մասին գրում է Ouest France ինտերնետային պորտալը։
Նշվում է, որ Ուկրաինայի իշխանությունները 12,5 տոննա կշռող մեքենաները համարել են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից թույլ պաշտպանված:
Հիշեցվում է, որ Ֆրանսիան հոկտեմբերի սկզբին դրական էր արձագանքել Հայաստանի ռազմական օգնության խնդրանքին՝ Ադրբեջանից բխող սպառնալիքի ֆոնին։ Իսկ արդեն հոկտեմբերի 22-23-ին Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Փարիզում կայացած հանդիպմանը տեղեկացվել է Երեւանին սպառազինություն մատակարարելու շուրջ համաձայնության գալու մասին: "Այն ժամանակ ստորագրվել են երկկողմ համագործակցության շուրջ համաձայնագրեր՝ որպես Ֆրանսիայի կողմից ռազմական տեխնիկայի արագ մատակարարման նախերգանք։ Այնոըհետեւ Ֆրանսիանավարտել է երեք Thales Ground Master 200 (GM200) ռադիոտեղորոշիչների վաճառքը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր փոքր հեռահարության Mistral ՀՕՊ համակարգի մատակարարման շուրջ: Երկրորդ պայմանագիրը վերաբերում էր Երևանի կողմից գիշերային տեսանելիության հեռադիտակի, Safran - ի արտադրության սարքավորման ձեռք բերմանը ", - գրում է աղբյուրը։
Ընդ որում, արձանագրվում է, որ առաջին հաստատված մատակարարումը վերաբերում է "բաստիոն" տիպի թեթև զրահամեքենաներին, որոնք ունակ են կրել 8 զինվորից բաղկացած մարտական խումբ՝ ապահովելով պաշտպանություն հրաձգային զենքի կրակից և ականներից: Նշվում է, որ զրահամեքենաները վրացական Փոթի նավահանգստում պետք է բեռնաթափվեն, այնուհետև երկաթուղով ուղարկվեն Հայաստան:
Արձանագրվում է նաև, որ Ֆրանսիայից Հայաստան զենք ուղարկելը դուր չի գալիս Ադրբեջանին, որը դատապարտել Է Փարիզի և Երևանի մերձեցումը: Բաքվում հայտարարել են, որ Ֆրանսիայի այս քայլը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի սրման:
Հատկանշական է, որ Հայաստանի ամեն մի զենքի պայմանագրի առնչությամբ հիստերիա բարձրացնող Ադրբեջանն՝ ինքը, ակտիվորեն զինվում է։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանը լրացուցիչ Իսրայելից 1,2 մլրդ դոլարի Barak MX ՀՕՊ համակարգի կգնի: Մինչ այդ, Բաքուն ակտիվորեն հարյուր միլիոնավոր դոլարների սպառազինություն է գնել Թուրքիայից և Իսրայելից ։ Բացի այդ, կրկնելով տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտության մասին, ադրբեջանական իշխանությունները շարունակում են սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին և ավելացնել պաշտպանական բյուջեն։
Հավելենք նաև, որ նոյեմբերի 11-ին Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի շրջանակներում արձագանքելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևայի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի բանակ ունենալ և զենք ձեռք բերել և այլն: "Ադրբեջանը նույնպես հսկայական քանակությամբ զենք է գնում ։ Սպառազինություն ձեռք բերելու Ադրբեջանի բյուջեն երեք անգամ ավելի մեծ է, քան՝ Հայաստանինը", - ասել է նա ։