Արմինֆո. Թուրքիան չեղարկել է ազգային փոքրամասնություններին պատկանող լրատվամիջոցների համար պետական ֆինանսական աջակցությունը: Այդ մասին հաղորդում է "Ermeni Haber" լրատվական գործակալությունը:
"Թուրքիայում գործող մամուլի գովազդային կազմակերպությունը 2023թվին տեղի ունեցած վերջին խորհրդի նիստում այդպես էլ որոշում չի կայացրել երկրում բնակվող փոքրամասնությունների մամուլին աջակցություն տրամադրելու հարցում:
Այդպիսով պարզ է դարձել, որ հայկական, հունական և հրեական մամուլին աջակցություն չի տրամադրվելու: Նմանատիպ գործելաոճ եղել էր նաև 2020-ին:
Այս պահին կազմակերպությունը փոքրամասնությունների մամուլին գովազդ չի տրամադրում, սակայն 10 տարի ի վեր յուրաքանչյուր տարվա ընթացքում կայացած խորհրդի նիստի ընթացքում որոշում էր ընդունվում «Լոզանի խաղաղության պայմանագրի շրջանակներում փոքրամասնության կարգավիճակ ունեցող հասարակության համար հրապարակվող թերթերին» նյութական օգնություն տրամադրել:
Նշենք, որ 2021-ին հիշյալ փոքրամասնություններին տրամադրված գումարն ընդհանուր առմամբ կազմել է 350.000 լիրա (թուրքական դրամական արժույթ), իսկ 2022-ին 300.000», - նշում է աղբյուրը: