Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է "Մեծ յոթնյակի" երկրների հայտարարությունը՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակի վերաբերյալ:
"Ողջունելով G7 երկրների հայտարարությունը՝ մենք ընդգծում ենք, որ վճռական միջազգային քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունները առաջնային նշանակություն ունեն Գրանադայի հայտարարությանը համապատասխան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար: Հայաստանը նման պարտավորություն ունի", - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքներով "Մեծ յոթնյակի" արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ լուրջ մտահոգություն էր հայտնվել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսման հումանիտար հետևանքների վերաբերյալ: "Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իր պարտավորությունները և ողջունում ենք տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելու միջազգային ջանքերը:
Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և հաստատուն խաղաղության խթանմանը, որը հիմնված է ուժի չկիրառման, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա", -ասվում է G7-ի երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ ։