Արմինֆո. British Petroleum-ի (BP) վառելիքի նախագծերն Ադրբեջանում օգնել են ֆինանսավորել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի դեմ ռազմական ագրեսիան։
Ինչպես ասվում է The Guardian-ի հոդվածում, 2020 թվականից BP ընկերությունը Բաքվին մատակարարել է շուրջ 35 մլրդ դոլարի (28,6 մլրդ ֆունտ ստեռլինգ) նավթ եւ գազ: Ադրբեջանի մասնաբաժինը երկու խոշոր նավթագազային նախագծերում, որոնք կառավարում է բրիտանական նավթային ընկերությունը, օգնել է 2020 թվականից ի վեր ավելի քան 4 անգամ ավելացնել ռազմական ծախսերը:
Global Witness կազմակերպության ավագ ակտիվիստ Դոմինիկ Իգլթոնը նշում է, որ BP-ի երկարատև գործընկերությունը Ալիևի "բռնապետության" հետ ֆինանսավորել է Ադրբեջանի ռազմականացումը և Հայաստանի դեմ ագրեսիան: "BP ընկերությունը ուրախ էր շարունակել հորատումը, քանի որ այն ոչինչ չի սովորել Ռուսաստանում թույլ տված պատմական սխալից", - նշել է նա: "Դաժան բռնապետներին ֆինանսավորելը միշտ էլ վատ ռազմավարություն է", - ավելացրել է Իգլթոնը:
Ոչ կառավարական կազմակերպության կողմից իրականացված վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի տնտեսական կախվածությունը BP-ից՝ նրա ամենամեծ օտարերկրյա ներդրողից, անուղղակիորեն օգնել է ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական ագրեսիան էթնիկ հայերի դեմ՝ "վիճելի տարածաշրջանում", որը ստիպել է ավելի քան 100,000 մարդու լքել տարածքը՝ սեպտեմբերի սկզբից:
Նշվում է, որ անցյալ շաբաթ BP-ը երրորդ եռամսյակի համար զեկուցել է սպասվածից ավելի թույլ շահույթի մասին՝ 3,3 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների 8,2 միլիարդ դոլարի դիմաց, ինչը խոսակցություններ է առաջացրել այն մասին, որ բաժնետոմսերի թույլ գինը և տնօրենների խորհրդում հուզումները կարող են ընկերությումը դարձնել կլանման թիրախ:
BP-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ "ընկերությունն Ադրբեջանում ներկա է արդեն երեք տասնամյակ, եւ նախկինի պես ձգտում է ավտանգ, հուսալի եւ կայուն էներգետիկ բիզնես վարել տարածաշրջանում":
Ըստ 1990-ական թվականներին BP-ի և Ադրբեջանի կառավարության միջև կնքված համաձայնագրի ՝ նավթային ընկերությունը պարտավոր է պետությանը փոխանցել այդ նախագծերի արդյունքում իր արտադրած հանածո վառելիքի բաժինը: Նման համաձայնագրերը սովորական են նավթի և գազի ճյուղում՝ որպես հանածո վառելիքի նախագծերի մշակման ռիսկն ու շահույթը օտարերկրյա ընկերությունների և ընդունող պետության միջև բաժանելու միջոց:
BP-ի ֆինանսական հաշվետվությունը ցոույց է տալիս, որ 2020 թվականից համաշխարհային շուկայում նա Բաքվին մատակարարել է շուրջ 35 մլրդ դոլարի նավթ ու գազ: Այդ գումարը ավելի քան չորս անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածում կառավարության ռազմական ծախսերը, որոնք հասել են 7,9 միլիարդ դոլարի՝ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի տվյալներով:
"Մենք աջակցում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և հուսով ենք, որ վերջնական լուծումը կգտնվի մոտ ժամանակներս", - հայտարարել է BP-ի ներկայացուցիչը: