Արմինֆո. 2020թ․հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Շուրջ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Ջ․Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։
Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ նույն վերոգրյալ փորձագիտական եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով Ջ․Հարությունյանի մեղքը առերևույթ բացակայում է, և որ դրա պատասխանատվությունը ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարության վրա է, սակայն այս մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը խիստ մտահոգիչ է։
Մոտակա օրերս վերոգրյալ հանգամանքների մանրամասները կներկայացնեմ ասուլիսում, որի ժամանակ կպատասխանեմ հետաքրքրված լրագրողների հարցերին։ Ասուլիսի տեղի, օրվա և ժամի մասին կնշեմ լրացուցիչ», - գրել է փաստաբանը։
Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 2 - ին ՀՀ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին, ով այժմ զբաղեցնում է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը։ Ինչպես ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը ռազմական դրության ժամանակ անփույթ վերաբերմունք է ցուցաբերել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ ՝ դրանք չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով: Որպես հետևանք ՝ այդ գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. զորամասերը կրել են կենդանի ուժի և մարտական տեխնիկայի հսկայական կորուստներ, պահեստային զորամասերը դարձել են ոչ մարտական, կրակային դիրքերը հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ: Հարությունյանը ձերբակալվել էր, սակայն ավելի ուշ ստորագրությամբ բաց էր թողնվել։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի վերջին մարտական դիրքում Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր և հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել էր պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ։ Նախարարի պաշտոնում նա նշանակվել էր 2020 թվականի փետրվարի 24-ին։
Ավելի վաղ ձերբակալվել էր Լեռնային Ղարաբաղի բանակի մեկ այլ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որը Ջալալ Հարությունյանին փոխարինել էր պատերազմի ընթացքում ստացած վնասվածքներից հետո: Նրան նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել։ Նա արդեն մեկ տարուց ավելի անազատության մեջ է