Արմինֆո. 2023 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում առերևույթ հանցանքի մասին վկայող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ա․ Ա․-ն, 2023 թվականի հունիսի 8-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Մասնավորապես՝ նա կատարել է հետևյալ հրապարակումը՝ «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Facebook» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր։
Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ․ նոյեմբերի 3-ին Ա․ Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է։
Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ա․ Ա․-ին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին։ Նոյեմբերի 6-ին վերջինս ձերբակալվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի` մեկ ամիս ժամկետով», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ախոյանը մեղադրվում էր կառավարության շենքը զավթելու փորձի համար։ 2021 թվականի հունվարի 28-ին քաղաքացիները հավաքվել էին Հանրապետության հրապարակում ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի, իսկ մասնակիցներից մի քանիսը փորձել էին մուտք գործել կառավարության շենք։ Այս միջադեպից հետո բերման էին ենթարկվել երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, որոնց թվում էր նաև նախկին խորհրդարանականը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ