Արմինֆո.Երուսաղեմում շարունակվում են իսրայելցի արմատականների հարձակումները հայերի վրա։
Համացանցում տարածված տեսանյութում իսրայելցի վերաբնակիչները հարձակվում են հայ ընտանիքի վրա՝ Երուսաղեմի հայկական վանք մուտք գործելիս: Կադրերում հստակ երեւում է, թե ինչպես է չորս երիտասարդներից մեկը երեխայի հետ տղամարդու կողքով անցնելիս թքում նրա վրա։ Տեղի է ունենում լեզվակռիվ, որից հետո մեկ այլ երիտասարդ տղամարդու նկատմամբ կիրառում է պղպեղի սփրեյ, այնուհետև նրանք փախչում են դեպքի վայրից։
Այդ տեսանյութը բուռն արձագանք է հարուցել սոցիալական ցանցերում։ Twitter-ի օգտատեր Զառա Գիան, կիսվելով միջադեպի տեսանյութով, գրել է. "Ատելության հողի վրա հայերի նկատմամբ նման հանցագործություններ ամեն օր են տեղի ունենում Երուսաղեմում։ Ահա հայ հայրիկն իր գործերով է զբաղվում ու որդու հետ զբոսնում, նրա վրա իսրայելցիները թքում են. եթե հայերի նկտամամբ են դա անում, պատկերացրեք, թե ինչ են անում պաղեստինցիների նկատմամբ":
Նրա գրառմամբ կիսվել է System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը՝ գրելով. "Իսրայելի ներկայիս կառավարությունը համարձակություն է տվել աջակողմյան քաղաքական կուսակցություններին և ռասիստներին: Դրա համար վճարում են Երուսաղեմի քրիստոնյաներից ամենահերը՝ հայերը։ Այդ սրիկաները պետք է ներողություն խնդրեն Երուսաղեմի յուրաքանչյուր հայից, որ ֆինանսավորել են մեր էթնիկ զտումը ՝ զինելով Ադրբեջանին։ Պատկերացրեք, եթե Հայաստանը զիներ ՀԱՄԱՍ-ին, ինչպե՞ս կզգային նրանք":
Հավելենք, որ վերջին տարիներին հաճախակի են դարձել Հին քաղաքում իսրայելցիների կողմից հայերի վրա հարձակումների դեպքերը։