Արմինֆո.ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ամոթալի, էժան արարք է որակել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը՝ ֆեյսբուքում գրառում անելու փաստի առթիվ:
«Դա ի՞նչ քրեական վարույթի կամ հետապնդման ենթակա արարք է, կամ այդ միայն Ավետի՞քն էր նման արտահայտություն արել: Նախ՝ այն, որ Ավետիք Իշխանյանի նկատմամբ, ըստ պաշտոնական պարզաբանման, քրեական հետապնդում հարուցված չէ, ոչինչ չի փոխում: Նախաձեռնված քրեական վարույթն անխզելիորեն կապված է պարոն Իշխանյանի հետ. նրա` դեռևս սեպտեմբերի 19-ին արված գրառումն է դարձել քրեական ընթացակարգ սկսելու հիմք:
Այս վիճակն առավել խնդրահարույց է: Ստացվում է` գործ ունենք փաստացի քրեական հետապնդման հետ, երբ իրավապահ մարմնին հայտնի է անձը, ում նկատմամբ ցանկանում է իրականացնել հետապնդում, բայց նրան իրավական կարգավիճակ և իրավունքներից լիարժեք ծավալով օգտվելու հնարավորություն չտալու համար նախաձեռնվում է «անմեղ» քրեական վարույթ, իսկ իրականում տարվում է փաստացի հետապնդում` առանց իրավունքների:
Մյուսը` մի հատ հաշվեք տեսնեմ օրական քանի հոգի է նմանատիպ կամ նույն արտահայտությունն անում սոցիալական ցանցերում, առավել ևս այլ միջավայրերում: Հարուցվե՞լ են քրեական հետապնդնդումներ կամ նախաձեռնվե՞լ են քրեական վարույթներ, թե՞ էլի խտրական է լինելու ու Քրեական օրենսգրքի այս հոդվածը գործելու է միայն իշխանությանը քննադատողների նկատմամբ:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը Հայաստանում կիրառություն ստացող արատավոր պրակտիկայի հետ միասին բացահայտ հակասահմանադրական է և էլի դառնում է պաշտոնյաների պահապան հոդված:
Ավետիք Իշխանյանն իր ողջ կյանքը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը:
Մեղադրյալի կարգավիճակը և պարոն Իշխանյանը նույնքան անհամատեղելի են, որքան իրավունքի գերակայությունն ու հանուն պաշտոնի գոյատևող մարդը», - հայտարարել է Թաթոյանը:
Ավելի վաղ Ավետիք Իշխանյանը «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել էր, որ իրեն զանգահարել է ոմն քննիչ և հաղորդել, որ իրեն մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով։ «Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս․թ․ սեպտեմբերի 19-ի ներքո բերված գրառումը։ Բացարձակապես չեմ զղջում գրառման համար, նույնիսկ համարում են այն ավելի քան մեղմ է։Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ։ Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարվել ես ու հաշտվել հայրենիքի կորստի հետ։ Ստալինյան շրջանում գնդակահարեցին երկու պապերիս ու մի տատիս, բրեժնևյան շրջանում ԿԳԲ էին տանում ու հարցաքննում հորս։ Վերջապես, անկախ կոչվող, իրականում՝ ողորմելի Հայաստանում, գարշապետի ցուցումով, ինձ էլ մեղադրանք առաջադրվեց», - գրել էր Իշխանյանը։
Հավելենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, արձագաանքելով վերոգիշյալ հաղորդագրությանը, Facebook-ի իր էջում գրել է. «Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ներքևում նշված գրառման համար։ Ամոթ։ Հազար ամոթ։ ՀԳ. Շատ տրամաբանական է, որ ռեժիմը թիրախավորել է Հայաստանի թիվ մեկ իրավապաշտպանին։ Դեպի բռնապետություն գահավիժող երկրում դա պարզապես անխուսափելի էր»։
Հիշեցնենք, որ Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել սեպտեմբերի 19 - ին հրապարակված «Մահ դավաճանին» գրառման համար: «Չի բացառվում, որ ինչպես 2020թ․, այնպես էլ այսօր սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն ինչ մինչև վերջ չհաջողվեց 2020թ․, այն է՝ Արցախի ամբողջական հանձնումը, փորձ է կատարվում իրականացնել այժմ։ Սրան նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները,ԵՄ կոչվող դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական հարձակման համար։
Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։ Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։ Մա՛հ դավաճաններին», - գրել է նա։