Արմինֆո. Իմ այցը Երևան տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը բախվում է բազմաթիվ խնդիրների։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը՝ նոյեմբերի 3-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Մեր հիշողության մեջ դեռ թարմ են Լաչինի միջանցքում մարդկանց հոսքի կադրերը, մարդիկ, ովքեր լքում են հայրենիքը՝ վախենալով իրենց կյանքի համար։ Դա լուրջ մարտահրավեր էր Հայաստանին՝ ընդունելու այդքան մարդու։ Սակայն Հայաստանի կառավարությունը պահպանեց հանգստություն և ջանքեր գործադրեց մարդկանց ընդունելու համար։ Դրա համար միջոցներ է հատկացրել, ինչը հարգանք է առաջացնում։ Դուք բացել եք ձեր սիրտը մարդկանց համար", - հայտարարել է Բերբոքը:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ 2022 թվականից ի վեր Գերմանիան լուրջ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։ Ընդ որում, նա հաղորդել է, որ արդեն իսկ տրամադրված օգնությունը Գերմանիայի կառավարությունը կավելացնի ևս 9.3 մլն եվրո մարդասիրական օգնություն՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար։
"Մենք ցանկանում ենք պայմաններ ստեղծել խաղաղ բանակցությունների միջոցով Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար։ Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա բանակցությունների հիմքն է։ Սահմանների վերաբերյալ շատ բարդ հարցեր են առաջանում, այդ թվում՝ ինչ քարտեզների հիման վրա իրականացնել սահմանազատում։ Հայաստանի և Ադրբեջանի համար մեծ խնդիր է գտնել այնպիսի լուծում, որը հույսի շող կդառնա խաղաղության պայմաններում ապրել ցանկացող մարդկանց համար", - հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԵՄ-ն տարիներ շարունակ չեզոք միջնորդի դեր է կատարել։ Այդ առնչությամբ նա համոզմունք է հայտնել, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը կարող են դառնալ կամուրջ խաղաղության հասնելու համար: "Ուստի, անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները", - ընդգծել է նախարարը:
Բերբոքն անդրադարձել է նաև ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը՝ արտահայտվելով դրա ամրապնդման և ընդլայնման օգտին: "Առաքելության միջոցով փորձում ենք ուղղակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, հասնել կայունության և վստահության ։ ԵՄ-ն այդ առաքելության միջոցով այստեղ Հայաստանում հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ, եւ առաքելությունը պետք է լինի նաեւ ի շահ Ադրբեջանի", - նշել է ԳԴՀ ԱԳ նախարարը։ Նա նաև հաղորդել է խաղաղապահ բրիգադ այցելելու մտադրության մասին։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ նա արտահայտվել է մարդկանց միջև շփումների ամրապնդման օգտին և հայտնել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ին ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: "Ցանկանում ենք նաեւ նպաստել երկու երկրների բնակիչների միջեւ շփվմանը: Օրինակ, Գյոթեի ինստիտուտը հայտարարել է, որ Երևանում գործող Գյոթեի կենտրոնն ապագայում դառնալու է ինստիտուտ։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է աշխատել մշակույթի ոլորտում համաձայնագրի ստորագրման ուղղությամբ", - ամփոփել է Բերբոքը։