Արմինֆո. Հայաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, տվյալ խնդրի լուծման ուղղությամբ աշխատում են հատուկ ներկայացուցիչները: Միրզոյանը նշել է, որ վերջերս Թեհրանում այդ հարցը քննարկել է Թուրքիայի արտգործնախարարի հետ։ "Ես զգուշավոր լավատեսություն ունեմ, առնվազն, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, այն է ՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար սահմանների անցման հնարավորության վերաբերյալ", - ասել է Միրզոյանը, հավելելով, որ այդ պայմանավորվածության առնչությամբ առաջիկայում լավ նորություններ կլինեն։
Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բոլոր չորս հարևանների հետ ունենալ, գոնե, կարգավորված հարաբերություններ։ Այս չորս պետություններից երկուսի՝ Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ սերտ են, որոնց հետ կան ծրագրեր, որոնց մի մասն իրականացվում է, մյուսները՝ մշակումների գործընթացում են։
Նախարարը խոսել է նաև բարեկամ Ֆրանսիայի հետ հարաբերությունների մասին, տեղի են ունենում ամենաբարձր մակարդակի փոխայցելություններ:
Երևանը շարունակելու է խորացնել հարաբերությունները նաև Եվրոպական միության հետ։ Նախարարը հատկապես կարևորել է քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը դիտարկում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կողմերը բացահայտում են ԵՄ-ի հետ համագործակցության նոր հարթակներ և նոր ուղղություններ, օրինակ, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պայմանավորվածությունների կատարման շուրջ քաղաքական երկխոսության շրջանակում: Այս առումով նախարարը հատկապես առանձնացրել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ սկսված գործընթացը։
Ինչպես ընդգծել է Միրզոյանը, հաջորդ տարի կշարունակվի ավանդական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։ Վերջինի հետ Հայաստանը կապված է բազմաթիվ կապերով՝ չնայած վերջին շրջանում մի շարք խնդիրների ի հայտ գալուն։ "Մենք շատ հարցերում բավարարված չենք երկկողմ հարաբերություններով, դրանցից մի քանիսի մասով զարմացած ենք, եւ ռուսական կողմն էլ ունի իր դժգոհությունները, որոնք հաճախ դրսեւորվում են մեդիայում", - ասել է նախարարը: