Արմինֆո.Ռուսաստանը Մալթայում, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպումները դիտարկում է որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ: Այդ մասին նոյեմբերի 2-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին։
Զախարովան հիշեցրել է, որ ավելի վաղ Կիև էր այցելել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Դուբլինում խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը շփվել է իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆնչուկի հետ, ինքը ՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
"Երեւանում, կարծում եմ, պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական սիրախաղի մասին է՝ նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն դիմակայում են Ռուսաստանին, եւ այստեղ այլ բնորոշում չկա։ Եվ ափսոսանք է հարուցում, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քայքայում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ինքն էլ ոչ վաղ անցյալում անվանում էր Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն", - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
"Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի մի շարք զանվածային լրատվամիջոցներին կամ մեդիա ռեսուրսներին, որոնք վճարվում են պետական մարմինների կամ գործադիր իշխանության շարքերում գտնվող մարդկանց հետ փոխկապակցված ռեսուրսների միջոցով, և նրանց հակառուսական հռետորաբանությանը, ապա այստեղ, ընդհանրապես, ոչ մի բանի մասին խոսելու հարկ չկա։ Սա արդեն անսքող ռուսատյաց համատեքստ է, մեր երկրի նկատմամբ արդեն ազգայնականության եզրին", - նշել է նա, ևս մեկ անգամ ընդգծելով, որ Մոսկվայում շատ լավ հասկանում են, թե ով է կանգնած այդ ռեսուրսների ֆինանսավորման հետևում։
Հիշեցնենք, որ Գրիգորյան-Երմակ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Մալթայում ՝ խաղաղության ուկրաինական բանաձևի իրականացման վերաբերյալ երրորդ հանդիպման շրջանակում ՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդականների մակարդակով ։