Հայաստանի պաշտպանության նախարարությունը հնարավորինը կանի, որպեսզի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան Հայկազ Բարսեղյանի մահվան համար մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այդ մասին մայիսի 6-ին խորհրդարանում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհդրարանում հայտարարել է, որ սպանվածի հայրը` Արկադի Բարսեղյանը, մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ կասկածյալներից մեկը հայրը, Ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանն իր կապերն օգտագործում է քննության և վկաների նկատմամբ ճնշում գործադրելու համար: Մասնավորապես, նա նշել է, որ միջադեպի ժամանակ զորանոցում կասկածյալներից բացի եղել են նաև մի քանի կուրսանտներ, որոնք հրաժարվում են ցուցմունք տալ, պնդելով, թե քնած են եղել և ոչինչ չեն տեսել: «Ծնողները կարծում են, որ դա կասկածյալի հոր կողմից կուրսանտների կամ նրանց ծնողների նկատմամբ ճնշման արդյունք է, քանի որ նրանք չէին կարող քնած լինել նույն սենյակում և չլսել տանջամահ արված զինվորի տնքոցները», - նշել է նա:
Նազարյանն իր հերթին նշել է, որ ինքն անձամբ հանդիպել է սպանվածի ծնողների հետ և տեղյակ է նրանց մտահոգոության մասին: «ՊՆ ուշադիր հետևում է քննության ընթացքին և հետևողական կլինի մեղավորներին պատժելու հարցում», - նշել է նա: Փոխնախարարն ընդսմին հավելել է, որ քննչական մարմիններն աշխատում են առավելագույնս թափանցիկ և ոչ մի ճնշում թույլ չեն տա ինչպես վկաների, այնպես էլ նրանց ծնողների նկատմամբ: «Բացի այդ, կարծում եմ, որ առանց վկաների ցուցմունքների էլ բավականաչափ հանցանշաններ կլինեն կասկածյալների նկատմամբ մեղադրական դատավճռի համար», - հայտարարել է Նազարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դիակը` խոշտանգումների հետքերով և բազմաթիվ վնասվածքներով: Սպանության համար կասկածվում են Հ.Բարսեղյանի ծառայակիցներ Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Գնել Թևոսյանը (ինստիտուտի պետի նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդին): Ինստիտուտի նախկին պետն ու նրա երեք տեղակալները պաշտոնանկ են արվել: Բացի այդ, աշխատանքից ազատվել, պաշտոնի իջեցման է արժանացել կամ ինստիտուտից այլ զորամասեր է տեղափոխվել 30 անձ: