Արմինֆո.Այս օրերին Հայաստանի տարբեր դպրոցների առաջին դասարանցիների համար յուրահատուկ օր է. նրանք մասնակցում են "Ա" տառի շնորհանդեսին: Բացառություն չէր նաև նոյեմբերի 2-ին Կ. Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառումը:
Այդ օրը առաջին "Բ" դասարանի աշակերտները դասվար Մարիամ Դանիելյանի գլխավորությամբ հանդիսավորությամբ նշեցին "Ա" տառի "ծնունդը": Դասի ընթացքում փոքրիկներն ակտիվորեն արտահայտում էին իրենց գիտելիքները:
Բաց դասը հագեցած էր "Ա" տառին նվիրված հանելուկներով, երգերով և բանաստեղծություններով, երեխաները ծանոթացան տառի տպագիր և ձեռագիր տեսքին: Դասի ընթացքում աշակերտները երգեցին, բանաստեղծություններ կարդացին, "Ա" տառով բազմաթիվ բառեր կազմեցին, խմբային աշխատանք կատարեցին: Վերջում «Ա» տառով թխվածքաբլիթներ բաժանվեցին սովորողներին:
«Սա հիանալի միջոցառում էր աշակերտների համար, որը նրանք դեռ երկար կհիշեն»,- նշեց դասվարը: