Արմինֆո. ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով V հանրապետական գիտաժողովը, որն այս տարի նույնպես կազմակերպվել էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի համատեղ ջանքերով:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հաղորդագրության համաձայն,
գիտաժողովի հիմնական նպատակն էր քննարկել հայկական ռազմարդյունաբերության զարգացման նոր մարտահրավերները, զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Արդեն հինգերորդ տարին գիտաժողովն արդյունավետ հարթակ է ծառայում ոլորտի զարգացմամբ շահագրգիռ պետական կառավարման մարմինների, գիտական, ռազմագիտական և գործարար համայնքի ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու ոլորտի զարգացման իրենց տեսլականը և քննարկելու հայկական ռազմարդյունաբերության զարգացման խնդիրների լուծման հնարավորությունները:
Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՊԱՀՀ-ի պետ գեներալ-մայոր Գ. Տավարածյանը՝ շեշտելով գիտաժողովի կարևորությունը ռազմաքաղաքական ղեկա-վարությանը ոլորտի զարգացման վերաբերյալ գործուն առաջարկներ ներկայացնելու առումով: Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ՊԿԱ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան տնտ.գիտ.թեկ., դոցենտ Գ. Հարությունյանը, ով ընդգծեց, որը ռազմարդյունաբերության զարգացումը Հայաստանի համար կարող է լուծել միաժամանակ երկու կարևորագույն խնդիր՝ տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման, ուստի, այն գոյաբանական նշանակություն ունի պետության համար։
Գիտաժողովի ընթացքում գիտական զեկուցմամբ հանդես եկան տեխ.գիտ.դոկ., պրոֆեսոր, ԵրԿՄԳՀԻ ՓԲԸ տնօրեն Մ. Մարկոսյանը՝ «Ռազմական գործողությունների մոդելավորումը որպես ռազմարդյունաբերության զարգացման ուղղությունների ընտրության միջոց» թեմայով, տեխ.գիտ.դոկ., պրոֆեսոր, ՀԱՊՀ բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Ռ. Վարդանյանը՝ «Զինված ուժերում կիրառվող ժամանակակից արևային ֆոտովոլտային կերպափոխիչները և դրանց արտադրության կազմակերպման հնարավորությունները» թեմայով, Կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ռազմական վերլուծաբան Լ. Ներսիսյանը՝ «Հայկական ռազմարդյունաբերության նոր հնարավորություններն արևմտյան սպառազինությունների բաղադրիչների շուկա մուտք գործելու համատեքստում» թեմայով, տնտ.գիտ.դոկ., պրոֆեսոր, «Այլընգտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թ. Մանասերյանը՝ «Պետության, մասնավոր հատվածի և փորձագիտական հանրության միջև համագործակցության ընձեռած հնարավորությունները ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման գործում» թեմայով, իրավ.գիտ.թեկ., Աուդիտորների պալատի նախագահ Ն. Սարգսյանը՝ «Ռազմարդյունաբերության դիտարկումը որպես Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվ» թեմայով։
Գիտաժողովի ընթացքում հնչած դիտարկումների, կարծիքների և առաջարկությունների հիման վրա ընդհանրացված արդյունքները՝ ոլորտի զարգացման ուղենիշների տեսքով, կներկայացվեն համապատասխան պետական կառավարման մարմիններին: