Արմինֆո.Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում:
Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը, որը խնդրել է մենաբանել՝ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հոկտեմբերի 31-ին հայտարարած կարմիր դրոշի ահազանգը և խորը մտահոգությունը առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին, ԱՄՆ պետքարտուղարությունը շեշտել է, որ Հայաստանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»:
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»,- նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը