Արմինֆո. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հաղորդում է Սուրբ հողում "Կովերի պարտեզ" կալվածքին առնչվող գործարքի չեղարկման մասին: Այդ մասին հաղորդել Է Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Տ. Աղան աբեղա Գոգչյանը:
"Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հայտնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին նամակ է ուղարկվել Xana Gardens Ltd.-ին, տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021-ի հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը:", - նշել է Նա։
"Կովերի պարտեզը" գտնվում է պատմական Սիոն լեռան վրա ՝ Երուսաղեմի հայկական թաղամասի հարավ-արևմտյան անկյունում։ Դեռևս 2021 թվականի նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի "Կովերի պարտեզ" կալվածքի վարձակալության հարցը և կոչ արել չեղարկել այդ որոշումը։
Հավելենք, որ սույն թվականի հունիսի 8-ին Associated Press-ը մեծ նյութ էր պատրաստել այդ իրավիճակի վերաբերյալ, որում հայտնվել էին հայ համայնքի ներկայացուցիչները։
"Երուսաղեմում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ամենաթեժ կետում, անշարժ գույքի հետ կապված աղմկահարույց գործարքը խուճապ է առաջացրել տեղի պատմական հայկական համայնքում: Ամիսներ շարունակ բնակիչները փորձում են հասկանալ, թե արդյոք կզրկվեն իրենց տներից խորհրդավոր ներդրողի պատճառով", - այն ժամանակ գրել էր AP-ը, հավելելով, որ գործարքի պատճառով ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքը մեկուսացվել է վանքում, իսկ գործարքի հետևում կանգնած քահանան կարգալույծ է արվել եւ փախել Լոս Անջելես:
Երուսաղեմի հայերին պատկանող հողատարածքների վարձակալության մասին հայտնի էր դարձել ապրիլին ՝ իսրայելցի գեոդեզիստների անսպասելի այցից հետո: Պարզվել էր, որ իսրայելական ծագում ունեցող ոմն գործարար մտադիր է կրաքարային ամրոցը, որի ներսում հայկական տներ ու խանութներ են տեղակայված, ինչպես նաև ավտոկայանատեղի, վերածել շքեղ հյուրանոցի:
Այդ ժամանակ էլ գործարքի մասին հաղորդագրությունների ֆոնին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կասեցրել են Երուսաղեմի հայոց պատրիարք ձեռնադրված Մանուկյանի ճանաչումը ՝ դրանով իսկ զրկելով նրան պաղեստինյան տարածքներում և Հորդանանում պայմանագրեր ստորագրելու, գործարքներ կնքելու և որոշումներ կայացնելու իրավունքից: