Արմինֆո. 2008թ. մարտի 1-ի գործը բացահայտված է: Այդ մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Նա լրագրողներին կոչ է արել ծանոթանալ գործի նյութերին, որոնք հասանելի են։ "Մեր հետևությունները, ապացույցները շարադրված են, մեղադրանքներ են առաջադրվել թե հրաման տվողներին, թե սահմանադրական կարգը տապալելու փորձեր անողներին։ Կոռեկտ չէր լինի այդ մասին խոսել՝ ինձ համար, հատկապես, ՍԴ որոշումից հետո", - հայտարարել է նա։ Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված մարտի 1-ի քրեական գործի շրջանակում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը, Խաչատրյանն ասել է, թե դա նորմալ երևույթ է: Այդուհանդերձ, ինչպես ընդգծել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, որն ավելի վաղ գլխավորում էր Հատուկ քննչական ծառայությունը, առկա են քրեական գործի նյութերի կեղծման, այլ իրավախախտումների ապացույցներ: