Արմինֆո. Վրաստանը ցանկանում է ստանձնել տարածաշրջանում առաջատարի դերը, հենց դրանով են պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նրա ջանքերը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի եթերում։
Նա նաեւ մեկնաբանել է Հարավային Կովկասի հարցով "3+3" տարածաշրջանային հարթակում Վրաստանի մասնակցության հեռանկարները: "Ինչ վերաբերում է, այսպես կոչված, "3+3" ձևաչափին, ապա այստեղ մենք շատ հստակ դիրքորոշում ունենք. քանի դեռ Վրաստանի օկուպացված տարածքները չեն ապաօկուպացվել Ռուսաստանի կողմից, և ՌԴ-ը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այդ ձևաչափին", - հայտարարել է վրացի քաղաքական գործիչը։
Սակայն, նրա ասելով, դա չի նշանակում, որ Թբիլիսին չի զարգացնի երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ և չի փորձի հաստատել Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հարաբերությունների ձևաչափ: "Իհարկե, մեզ համար կարևոր է Կովկասում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը նպաստի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցությանը։ Երբ այդ, այսպես կոչված, ձևաչափի մի երկիր կոպտորեն խախտում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը և օկուպացնում մեր երկրի մի մասը, այդ ձևաչափին մասնակցելն իմաստ չունի", - ասել է Սամխարաձեն։
Նրա խոսքով՝ Թեհրանում "3+3" հանդիպումից հետո շատ հետաքրքիր կոմյունիկե է հրապարակվել, որտեղ առաջին կետում գրված է, որ երկրները ճանաչում են տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության միջազգային իրավունքի սկզբունքները:
Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք դա կարելի է դիտարկել որպես հնարավորություն, և արդյոք Ռուսաստանը, մասնակցելով այդ ձևաչափին, համաձայն է, որ Հարավային Կովկասում ընդամենը երեք պետություն կա, Սամխարաձեն նշել է, որ "3+3" ձևաչափն օգտակար չի լինի "մեր տարածքների դեօկուպացիայի համար, որովհետև հենց այդ մասին սկսեն խոսել ձևաչափով, այդ խոսակցությունը կմնա այնտեղ, և Ռուսաստանն այն կօգտագործի իր քարոզչական նպատակներով":
"Մենք ունենք Ժնևյան ձևաչափ, և մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանն իրեն պահում Ժնևյան ձևաչափում։ 15 տարվա ընթացքում նա արգելափակել է բոլոր այն որոշումները, որոնք կարող էին առաջ տանել հակամարտության կարգավորման գործընթացը։ Դրա համար ես պատրանք չունեմ, որ ցանկացած այլ ձևաչափով Ռուսաստանն իրեն այլ կերպ կպահի։ Ըստ այդմ, "3+3" ձևաչափը մեզ համար անընդունելի է հենց Ռուսաստանի պատճառով, բայց դա չի նշանակում, որ մենք կանգնեցնում ենք ներկովկասյան գործընթացները։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին դառնա այն վայրը, որտեղ կստորագրվի մեծ խաղաղության պայմանագիրը", - ասել է Սամխարաձեն։
Ինչպես նշել է Սամխարաձեն, բացի Ժնևյան ձևաչափից, Ռուսաստանի հետ շփման ձևաչափ գոյություն չունի։
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացել է "3+3" տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը: Այն անցել է 5 երկրների ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը կրկին չի մասնակցել հարթակի աշխատանքներին։ Կողմերը պայմանավորվել են այս հարթակի շրջանակում հաջորդ հանդիպումն անցկացնել 2024 թվականի առաջին կիսամյակում՝ Թուրքիայում։
Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել են, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց, սակայն նրանց համար դռները միշտ բաց են:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ