Արմինֆո. Հայաստանի քաղաքացիները Pegasus ծրագրով վարակման մասին նոր ծանուցումներ են ստացել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է կիբեռանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 30-ին Apple-ը կրկին հաղորդագրություններ է տարածել Pegasus-ով հեռախոսների վարակման մասին։ <Եթե դուք ստացել եք state-sponsored attackers-ի մասին նամակ, կապվեք ինձ հետ կամ Cyberhub.am-ի հետ>, - գրել է փորձագետը:
Նշենք, որ իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի օգնությամբ ողջ աշխարհի կառավարությունները տարիներ շարունակ հետևում են հարյուրավոր լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների և քաղաքական գործիչների: Հայաստանում Pegasus-ով վարակվել է առնվազն 12 մարդ, հետևում է Access Now, CyberHUB-AM, Citizen Lab, Amnesty International-ի և անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանի համատեղ հետաքննությունից: Լրտեսումը տեղի է ունեցել ղարաբաղյան երկրորդ պատերազմի և երկրում քաղաքական անկայունության ֆոնին։ Սա Pegasus-ի կիրառման առաջին հայտնի դեպքն է ռազմական հակամարտության պայմաններում։