
Արմինֆո. Մալթայում ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդականների մակարդակով Խաղաղության ուկրաինական բանաձևի իրականացման երրորդ հանդիպման հարթակներում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Ինչպես հաղորդել է Ուկրաինայի նախագահի կայքը, Անդրեյ Երմակը բարձր է գնահատել Հայաստանի միացումն Ուկրաինայի խաղաղության բանաձևին աջակցող պետությունների շրջանակին: Նա շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին Մալթայում կայացած հանդիպմանը անձամբ մասնակցելու համար:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը նշել է Ուկրաինայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում առկա նոր համատեքստը: Այդ առնչությամբ կարևորվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հարթակներում:
Անդրեյ Երմակն առանձին շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած առաջին տիկնանց և ջենթլմենների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականներին մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Նախագահի գրասենյակի ղեկավարը վերահաստատել է ուկրաինական կողմի տրամադրվածությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման, մասնավորապես, եվրոպական ինտեգրման հարցերի շուրջ:
Անդրեյ Երմակը Արմեն Գրիգորյանին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող իրավիճակի և Ռուսաստանի շարունակվող լայնամասշտաբ ագրեսիային հակազդման մասին: Մտքեր են փոխանակվել նաև անվտանգության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերների շուրջ։
Նա շնորհավորել է Հայաստանին ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդում, Ուկրաինայի հետ միասին, ընտրվելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են ԱԷՄԳի շրջանակներում և, ընդհանրապես, էներգետիկայի ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը:
Հայկական կողմն այդ բանակցությունների վերաբերյալ առայժմ հաղորդագրություն չի տարածել։