Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին: Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 24 տարի: Այդ օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Ահաբեկիչների դատավարությունը սկսվել է 2001 թվականի փետրվարին։ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Կենտրոն-Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրներին, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին (2004 թվականին մահացել է անազատության մեջ, ըստ պաշտոնական վարկածի ՝ ինքնասպան լինելով), Դերենիկ Բեջանյանին և Աշոտ Կնյազյանին դատապարտել է ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման (2010թ.մայիսին նրա դին հայտնաբերվել է "Նուբարաշեն" ՔԿՀ-ի իր անկողնում): Բոլոր յոթն էլ մեղավոր են ճանաչվել հայրենիքի դավաճանության և ահաբեկչության համար։ ՀՀ վճռաբեկ դատարանը դատավճիռը թողել է ուժի մեջ: Մինչ օրս հայտնի չեն այս աղաղակող հանցագործության պատվիրատուները։