Արմինֆո.Կրեմլին հայտնի չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի մասին, թե երկրում ռուսական ռազմակայանի ներկայության առավելություններ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Մենք առայժմ չգիտենք, թե արդյոք նա այդ խոսքերն ասել է, թե ոչ, և եթե ասել է, ապա՝ որտեղ,
ինչ համատեքստում: Մենք նման տվյալներ չունենք", - նրա խոսքը մեջբերում է
"Ինտերֆաքսը":
"Ինչ վերաբերում է այդ թեմայով The Wall Street Journal թերթում հոդվածի հրապարակմանը, ապա այն Կրեմլում չեն կարող ընկալել որպես սկզբնաղբյուր", - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հարցազրույց էր հրապարակել Հայաստանի վարչապետի հետ, որում նա հայտարարել էր, որ "ոչ մի առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանների շարունակական ներկայության մեջ": Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանը, նրա խոսքով, "չի կարողացել կատարել իր դաշնակցային պարտավորությունները":
Քաղաքական գործիչը մատնանշել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք, ինչպես նա նշել է, Հայաստանին հանգեցրել են անվտանգության ոլորտում այլ երկրների հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության որոշմանը:
Իր հարցազրույցի մեկ այլ հատվածում նա նշել է, որ Հայաստանը չի դիտարկում ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրսբերումը։
Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում: ՌԴ-ն և Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին երկարաձգել են ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը՝ մինչև 2044թ.: Արձանագրությունը նախատեսում է նաև դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում։ Ռազմակայանը հագեցած է Ս-300Վ, Բուկ-Մ1-2 ԶՀՀ-ներով, ՄիԳ-29 կործանիչներով, Մի-8ՄՏ ռազմատրանսպորտային ուղղաթիռներով և Մի-24Պ հարվածային ուղղաթիռներով ։