Արմինֆո.Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները սեղանին են: Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կանադայի կառավարությունը դիտարկում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, հաշվի առնելով նրա ագրեսիվ քայլերն ու ռազմատենչ հռետորաբանությունը, Ժոլին նշել է, որ, նախ, ինքը հենց այնպես չէ, որ գտնվում է Երևանում:
"Ես, նախեւառաջ, եկել եմ, որպեսզի անպայման ամրապնդեմ Հայաստանի և Կանադայի հարաբերությունները։ Եվ մենք դա անում ենք կոնկրետ գործողություններով՝ առաջին անգամ բացելով Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություն ՀՀ-ում։ Հիմա կարևոր է մեր ներկայությունը երկրում ՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելու համար։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ես արդեն ասել եմ, որ դրանք գտնվում են սեղանի վրա։ Սա ասելով՝ մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կհարգվի, և դա այն հանգամանքն է, որին մենք ուշադիր հետևում ենք", - ամփոփել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։