Արմինֆո. Կանադան հայ ժողովրդի կողքին է՝ աջակցելով նրա անկախությանն ու ինքնիշխանությանը։ Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ամփոփիչ ճեպազրույցում։
"Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական ձգտումներին և պատրաստ ենք աջակցել, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Այսօր կարևոր օր է մեր երկրների միջև հարաբերություններում. ուրախ եմ հաղորդել, որ մենք այսօր Երևանում բացում ենք Կանադայի դեսպանատուն", - նշել է կանադացի նախարարը, հավելելով, որ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը և էլ ավելի կխթանի ժողովրդավարական բարեփոխումները:
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Օտտավան բարձր է գնահատում տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ընթացիկ ջանքերը: "Սակայն, մենք բոլորս կարծում ենք, որ անհրաժեշտ է անել ավելին", - ասել է Կանադայի ԱԳ նախարարը:
Ընթացիկ ջանքերի համատեքստում Ժոլին կոչ է արել ողջ ծավալով հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վերահաստատել և խստորեն պահպանել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: "Կանադան շարունակում է կոչ անել Ադրբեջանին հարգել վերջերս տեղահանված արցախահայության՝ իրենց տները վերադառնալու իրավունքը և, բարի կամք դրսևորելով, ապահովել անարգել մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ էթնիկ հայերի անվտանգ վերադարձն ապահովելու նպատակով", - ասել է նախարարը:
Կանադայի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք շարունակում են աշխատել խաղաղ բնակիչների համար այս անհիմն ռազմական ագրեսիայի հետևանքները մեղմելու ուղղությամբ, քանի որ նրանք արդեն զգացել են ավելի քան 9 ամիս տևած ապօրինի շրջափակման բացասական հետևանքները: Նա հավելել է, որ Կանադան շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղիներ գտնելու ուղղությամբ: "Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է, որ Կանադան և ողջ աշխարհը ցույց տան իրենց աջակցությունը հայ ժողովրդին, 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին, ինչպես նաև նրանց, ովքեր ոչ վաղ անցյալում ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը", - ասել է Ժոլին, հավելելով, որ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Նա նաև հաղորդել է, որ Կանադան ավելացրել է մարդասիրական օգնությունը նրանց, ովքեր վերջերս լքել են Արցախը ՝ այդ գումարը հասցնելով 3.9 մլն դոլարի (ավելի վաղ հաղորդվել էր 1.3 մլն դոլարի մասին - խմբ.): Նրա խոսքով ՝ այդ գումարի մեջ մտնում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը 1 մլն դոլարի հատկացումը ՝ մարդկային կյանքեր փրկելու համար, 2.5 մլն-ը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տառապանքները մեղմելու եւ դրա կարիքը ունեցողների խնամքը կազմակերպելու համար:
"Վաղը մեկնելու եմ Ջերմուկ՝ անձամբ տեսնելու հումանիտար ճգնաժամի հետևանքները, որտեղ հանդիպելու եմ տեղահանված քաղաքացիների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ: Մենք պետք է համատեղ ջանքերով բարելավենք այն քաղաքացիական անձանց կյանքը, ովքեր դարեր շարունակ այս տարածաշրջանը համարել են իրենց հայրենիքը", - ամփոփել է Ժոլին։