Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ չի գտել այցելելու Բրյուսել՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար: Այդ մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երեւանում Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով այս ամսվա վերջին Բրյուսելում ՀՀ եւ ԱՀ ղեկավարների հանդիպման չեղարկման պատճառներին։
"Դուք հարցնում եք՝ ով ժամանակ չի գտել: Ակնհայտ է, որ՝ Ադրբեջանի նախագահը: Մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը։ Հույս ունեմ, որ խնդիրն իսկապես կոնկրետ ժամկետներն են, և տեսանելի ապագայում հնարավորություն կլինի քննարկել նոր հանդիպման ժամկետները", - ասել է նա, ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մասնակցել այդ հանդիպմանը և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։
Միևնույն ժամանակ, նախարարն անդրադարձել է նաև Գրանադայի հանդիպմանը և այնտեղ ՀՀ վարչապետի ստորագրած փաստաթղթին և ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այնտեղ ընդունված հայտարարության մեջ, ըստ էության, որևէ նոր բան չի եղել: "Նրանք կրկին արձանագրել են նույն սկզբունքները, գուցե մի փոքր ավելի մանրամասն, որոնք ավելի վաղ հնչեցվել էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից՝ հուլիսի 15 - ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով։
Եվ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չհակաճառեցին նրանց։ Դրանք նույն սկզբունքներն են, և մենք շարունակում ենք հավատալ, որ հենց դրանք պետք է դրվեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հիմքում", - նշել է Միրզոյանը։
Միաժամանակ, նախարարը հաղորդել է, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում "3+3" տարածաշրջանային հարթակի շրջանակում ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և հավելել, որ Հայաստանը պատրաստ է արագ տեմպերով շարժվել խաղաղ գործընթացի օրակարգով, այդ թվում ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասով:
Միրզոյանը կարծում է, որ առաջիկայում պարզ կդառնա, թե ինչպես է հետագայում զարգանալու գործընթացը։
Լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք վստահում է Ադրբեջանին, Միրզոյանը վստահեցրել է, որ պետությունների հարաբերություններում վստահության հարց չկա։ "Կա փաստաթուղթ, կան պայմանավորվածություններ։ Կլինի հանդիպում, պարզ կլինի, թե ինչպես ենք առաջ շարժվելու", - ասել է նա, հավելելով, որ հնարավոր հանդիպման նոր ժամկետներ առայժմ չկան։
Այսօր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հաղորդել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հոկտեմբերի վերջին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի կայանա: Որպես պատճառ՝ Կլաարը նշել է ժամանակի սղությունը։