Արմինֆո.Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը մտադիր է քայլեր ձեռնարկել Արցախի քաղաքական և ռազմական գործիչներին ազատ արձակելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին՝ ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիմումի:
«Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգումների մասին ահազանգող նամակներիս, իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ վերադարձի առնչությամբ։ Նա մասնավորապես նշել է․ «Հարգելի՛ տիկին Թովմասյան, Շատ շնորհակալ եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների խիստ մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ Ձեր նամակագրության համար։ Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն 44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ միասին: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել: Հուսով եմ շատ շուտով Ձեզ համար ավելի շատ տեղեկություններ կունենամ»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը», - ասվում է պատգամավորի Facebook-յան էջում զետեղված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախից Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանցիները Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված սահմանային անցակետից առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, ապա նաև պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ինչպես նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին: Հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի առևանգման մասին: