


Ադրբեջանական դատարանը հայ գերի Արսեն Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, պատժի կրումը կհաշվարկվի նրա ձերբակալման օրից՝ 2014 թ. դեկտեմբերի 26-ից: Դատարանի որոշմամբ, Արսեն Բաղդասարյանը ազատվել է դատական ծախսերի վճարումից (665 մանաթ 45 գեպիկ):
Նշենք, որ մայիսի 4-ին կայացած նիստում դատախազը պահանջել էր 18 տարվա ազատազրկման դատապարտել ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանին:
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին պայմանագրային ծառայող Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, Բաղդասարյանն անկարգապահ վարքագիծ էր դրսևորել, ինչի արդյունքում ենթարկվել էր քրեական հետապնդման: Ձգտելով խուսափել դատից` նա փախել էր Ադրբեջան: Ուշագրավ է, որ գերեվարման պահից հետո ավելի քան երկու շաբաթ շարունակ Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ ներկայացուցիչներին թույլ չէին տվել այցելել Արսեն Բաղդասարյանին, սակայն կազմակերպել էին ադրբեջանցի իրավապաշտպանների այցելություն: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ էին հարուցել 5 հոդվածներով:



