Արմինֆո. Ի հեճուկս համաշխարհային աշխարհաքաղաքական գիտական մտքի կետերի միասնական կարծիքի՝ Թբիլիսիում "մասնագետների" ժյուրին հաղթանակը շնորհել է Թուրքիայի եւ Հայաստանի այն երիտասարդներին, ովքեր կարծում են, թե պատմությունը չի ազդում պետությունների արտաքին քաղաքականության վրա:
Թբիլիսիում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում քննարկում է ծավալվել "Արդյո՞ք պատմությունն ազդում է պետությունների արտաքին քաղաքականության վրա" թեմայի շուրջ: Միջոցառումը կազմակերպվել էր "Լիբերալ քաղաքականության ինստիտուտ" հասարակական կազմակերպության կողմից՝ ամերիկյան "ժողովրդավարության ազգային հիմնադրամի" (NED) աջակցությամբ ՝ "Լսել խնդիրները, կառուցել երկխոսություն" ծրագրի շրջանակում:
Կազմակերպիչները նախապես մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա Հայաստանից և Թուրքիայից ընտրել էին 24 երիտասարդների՝ սեմինարներին մասնակցելու համար, որոնց շրջանակներում մասնակիցները ծանոթացել են բանավեճ վարելու հմտություններին, հռետորաբանության արվեստին, հրապարակային ելույթների ճիշտ մշակման և հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեկնաբանման կանոններին: Միևնույն ժամանակ, դասընթացների արդյունքում Երևանում և Ստամբուլում տեղի են ունեցել բանավեճի ազգային փուլեր, և 6 հաղթողներ մասնակցել են սույն թվականի հոկտեմբերի 19-21-ը Թբիլիսիում կազմակերպված քննարկման միջազգային փուլին: Երկու թիմերը, որոնց կազմը որոշվել է վիճակահանության միջոցով, անցկացրել են ամփոփիչ բանավեճ: Թուրքիայի կողմից միջոցառմանը ներգրավվել է "3H շարժում" ազատական երիտասարդական հասարակական կազմակերպությունը ։
Բանավեճի արդյունքում հաղթող է ճանաչվել, ինչպես և սպասելի էր, "դեմ" դիրքորոշում որդեգրած թիմը, որը պնդում էր, թե պատմությունը չի ազդում պետությունների արտաքին քաղաքականության վրա:
Անկախ փորձագետների կարծիքով՝ միջոցառման կազմակերպիչները խնդրին մոտեցել են ոչ այն ծայրից։ Երիտասարդների շրջանում կեղծ նարրատիվների և պատրանքների տարածումը նեոլիբերալ օրակարգը խթանելու լավագույն միջոցը չէ: Պատմությունը չի կարող չազդել արտաքին քաղաքականության վրա, բայց այն կարող է սովորեցնել, թե ինչպես չպետք է իրականացվի այդ քաղաքականությունը: