Արմինֆո.Փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը եւ Մհեր Գրիգորյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիին:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Տիգրան Խաչատրյանի եւ Էրին Մըքիի հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ և գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայտինենը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալելոն:
Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար, ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Երկուստեք կարևորվել է առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ երկարաժամկետ աջակցության արդյունավետ գործիքակազմի ներդրումը, մասնավորապես՝ զբաղվածության հասցեական ծրագրերի միջոցով։ Այս համատեքստում ընդգծվել է մասնավոր հատվածի հետ ակտիվ փոխգործակցության ապահովման կարևորությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էրին Մըքին վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքներին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցության օրակարգային այլ հարցերի։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Էրին Մըքիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում, մասնավորապես, ընդգծելով տնտեսության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությունները: Փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի հիմնարար կարիքների բավարարման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերները: