Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:
Այսօր Հումանիտար կենտրոնի ժամը 16:00 եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ:
Հ.Գ. Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր գործունակ քույրերն ու եղբայրները առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն: Կառավարությունն, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում եւս կաջակցի նրանց», - ընդգծել է վարչապետը:
Նշենք, որ ՀՀ կառավարության տվյալների համաձայն, այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 100 632 բռնի տեղահանված անձ: