Արմինֆո. Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայաստանյան պատվիրակության կազմում Ժնևում մասնակցել է Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի 30-ամյակին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ ներկայացվել են մարդկանց կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանն ուղղված գործողությունների արդյունքները:
«Ընտանիքի վերարտադրողական առողջության խնդիրները անհատի և հասարակության բարեկեցությունը խթանելու մեր հանձնառության հիմքում են, ուստի պահանջում են մեծ ուշադրություն և համատեղ լուծումներ»,-իր ելույթում նշել է Արտակ Ջումայանը:
Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, խոսելով ծնելիության մակարդակի անկման վրա ազդող ներքին և արտաքին գործոնների մասին` ի թիվս այլ գործոնների` նախարարի տեղակալը միջազգային հարթակում անդրադարձել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի ու սպառնալիքների կիրառման ադրբեջանական քաղաքականությանը:
«Հաջորդը միայնակ մայրերի խնդիրն է։ Այն հատկապես սուր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության շրջանում արական սեռի մեծ թվով զոհերի հետ՝ կապված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտումների հետևանքով»,-նշել է Արտակ Ջումայանը:
Նա ներկայացրել է 2023-2040 թվականների Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը` որպես եզակի նախաձեռնություն է` հիմնված լուրջ հետազոտական աշխատանքի վրա:
Նախարարի տեղակալը ներկայացրել է ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագիրը, ինչպես նաև նորածնային, մանկական և մայրական մահացության մակարդակի կրճատմանը, վերարտադրողական առողջության ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովմանը, ներառյալ ընտանիքի պլանավորումը և սեռական առողջությանը վերաբերող աշխատանքները: