Արմինֆո. Հայ թուրքագետ Վարուժան Գեղամյանը պատմել է հոկտեմբերի 23-25-ը Ադրբեջանում նախատեսված ադրբեջանաթուրքական զորավարժությունների նպատակների մասին:
Արձանագրելով, որ համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, Գեղամյանն այդ զորավարժությունների պարագայում էական է համարել տեղանքը, որտեղ ընթանալու են զորավարժությունները՝ Նախիջևան և Արցախի օկուպացված շրջաններ (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով)։
«Էական է նաև այն, որ թեև ֆորմալ զորավարժությունը նվիրված է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, սակայն զորավարժություններն ընթանում են Ադրբեջանի տարածքում, ինչի համար Ադրբեջան են բերվել նաև թուրքական F16-եր և ուղղաթիռներ։
Պետք չի բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է, և զորավարժությունները, պարզապես, պատրվակ են Նախիջևանում և օկուպացված Արցախում տեղակայել թուրքական ծանր զինտեխնիկա և ավիացիա», - նշել է թուրքագետը։