Արմինֆո.Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի առջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ տուժել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Շենքի դիմաց հավաքված ղարաբաղցիները, որոնք իրենց վրդովմունքն էին հայտնում հոկտեմբերի 1-ից Արցախի պետական կառույցների աշխատակիցների ֆինանսավորումը դադարեցնելու կապակցությամբ, վիճաբանության մեջ են մտել ԼՂՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որը վերածվել է ծեծկռտուքի: Կոնֆլիկտին փորձել է միջամտել Կարեն Շահրամանյանը, սակայն բռունցքների հարվածներ է ստացել։ Միայն իրավապահ մարմինների միջամտությունից հետո է հաջողվել իրավիճակը վերահսկողության տակ առնել։
Եղած տեղեկությունների համաձայն, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հրավիրվել է ՀՀ ոստիկանություն, որտեղ նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:
Նշենք, որ այսօր մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հանդիպում անցկացնել ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Քաղաքացիները դժգոհություն էին հայտնում ԼՂՀ նախագահի վերջին որոշումից, որով աշխատանքից ազատվել են պետական մարմինների բոլոր աշխատակիցները։ Ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ։ ԼՂՀ նախագահը դուրս է եկել ցուցարարների մոտ և խոստացել տալ նրանց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն է, ով առաջիններից մեկն է լքել Արցախը ՝ նրա անկումից հետո: Բացի այդ, հայկական ԶԼՄ-ները գրում են, որ Շահրամանյանը ստիպված է եղել աշխատանքից ազատել պետական ապարատի աշխատակիցներին, քանի որ Հայաստանի Հանրապետությունը սառեցրել է դոտացիաները ԼՂՀ-ի համար, չնայած այն հանգամանքին, որ դրանք նախատեսված էին պետբյուջեով: