Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն վաղուց կորցրել է ժողովրդի վստահությունը։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողներին հայտարարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ղարաբաղցիների այսօրվա ակցիան։
Նրա խոսքով՝ ժողովրդի վստահության մասին են խոսում Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, որոնց ընթացքում իշխող ռեժիմին չհաջողվեց հավաքել անգամ 70 հազար ընտրողի ձայն: Ընդդիմադիրն ընդգծել է, որ քաղաքացիների պահանջների միակ հասցեատերը՝ լինի Արցախի, Տավուշի, թե Լոռու, մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը: "Միթե՞ դուք կարծում եք, որ Արցախի ժողովուրդն ու նրա նախագահն իրենք են հավաքվել և եկել այստեղ։ Ո՞վ է Արցախը հասցրել ներկայիս վիճակին: Ինչ է, արցախցիները համացանց, կապ չունեի՞ն, որ հասկանան, թե ինչպես Փաշինյանը, մի կողմ թողնելով Ռուսաստանն ու Պուտինին, հայացքն ուղղեց դեպի Եվրոպա և Միշելը: Միթե՞ նրա ստորագրած փաստաթղթերից ու տարօրինակ մեկնաբանություններից հետո նրանք չհասկացան, թե իրականում ով է իրենց դժբախտությունների աղբյուրը> ,- հարցրել է Ղազարյանը ՝ տարակուսանք հայտնելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշումներից իրենց վրդովմունքն արտահայտող ղարաբաղցիների գործողությունների վերաբերյալ։ Նա արցախցիներին կոչ է արել գնալ Հանրապետության հրապարակ և Բաղրամյան 26, որտեղ գտնել իրենց բոլոր արհավիրքների հեղինակին՝ Նիկոլ Փաշինյան անունով մարդուն:
Ընդդիմադիրը նշել է, որ 2016թվի ապրիլյան պատերազմի համար պատասխանատվություն են կրել այն ներկայացուցիչները, որոնք այդ ընթացքում եղել են իշխանության մեջ: 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած կորուստների համար պատասխանատվությունը կրում են ներկա իշխանությունները։ <Ինչպես կարող է նման բան լինել, երբ դու իշխանության ներկայացուցիչ ես, իսկ քո ձախողումների մեղավորները բոլորն են՝ քեզնից բացի։ Նման բան չի լինում", - ընդգծել է Ղազարյանը։
Նշենք, որ այսօր մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հանդիպում անցկացնել ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Քաղաքացիները դժգոհություն էին հայտնում ԼՂՀ նախագահի վերջին որոշումից, որով աշխատանքից ազատվել են պետական մարմինների բոլոր աշխատակիցները։ Ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ։ ԼՂՀ նախագահը դուրս է եկել ցուցարարների մոտ և խոստացել տալ նրանց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն է, ով առաջիններից մեկն է լքել Արցախը ՝ նրա անկումից հետո: Բացի այդ, հայկական ԶԼՄ-ները գրում են, որ Շահրամանյանը ստիպված է եղել աշխատանքից ազատել պետական ապարատի աշխատակիցներին, քանի որ Հայաստանի Հանրապետությունը սառեցրել է դոտացիաները ԼՂՀ-ի համար, չնայած այն հանգամանքին, որ դրանք նախատեսված էին պետբյուջեով: