


Արմինֆո. Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերների հետ գրավոր և բանավոր հաղորդակցությունների ժամանակ շարունակում է բարձրացնել հայ գերիների խնդիրը, հիշեցնելով, որ 2020թ.-ից սկսած մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի և Արցախի քաղաքացիներին տարբեր իրավիճակներում գերեվարում է:
«Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով թե՛ միջազգային իրավունքի սկզբունքները, թե՛ ստանձնած միջազգային պարտավորությունները, շարունակում է Բաքվի բանտերում պահել հարյուրավոր ռազմագերիների և ապօրինաբար առևանգված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց։ Միջազգային գործընկերներիս ուղղված գրություններում շեշտել եմ, որ, օրինակ, Վագիֆ Խաչատրյանին հասցեագրվող մեղադրանքներն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունների վերաբերյալ ամբողջովին կեղծ են և խնդրել եմ առարկայական ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին և մեր մյուս հայրենակիցներին Բաքվի բանտերից դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Շարունակելու եմ մշտապես զբաղվել գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցով այնքան ժամանակ, քանի դեռ հարցն իր արդարացի և ամբողջական լուծումը չի գտել։ Բոլոր իմ գործընկերներին հիշեցնում եմ, որ քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ գործուն պատժամիջոցներ չեն կիրառվել, նա շարունակում է նորանոր հանցանքներ գործել», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:



