Արմինֆո.Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատան բացումը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակով և Եվրոպային ավելի մոտ լինելու հայկական իշխանությունների ցանկությամբ: Այդ մասին հոկտեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ դե Մույնքը։
Այդ առնչությամբ նա ցանկություն է հայտնել Բելգիայի կողմից աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը։ "Ինչպես գիտեք, Բելգիան ԵՄ հիմնադիրներից մեկն է, եւ մեր երկիրը ցանկանում է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղ կարգավորման գործընթացում", - ընդգծել Է դիվանագետը:
Նա նշել է, որ բելգիական կողմն արդեն սկսել է որոշակի աշխատանքներ իրականացնել Հայաստանում։ "Առաջին հերթին, մենք կազմակերպել ենք Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորված քաղաքացիների բուժումը Բելգիայում", - ասել է դե Մույնքը, ընդգծելով, որ այդ աշխատանքները համակարգել է ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ:
Դեսպանը նաև պատմել է, որ ԱԳՆ-ը հաստատել է այն օգնությունը, որը Բելգիան պետք է մշտապես տրամադրի Հայաստանին՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ Բելգիայի ԱԳՆ-ը Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին հայտարարել էր 2023 թվականի մայիսին։ Մինչ օրս Բելգիան Հայաստանի հետ աշխատել է Մոսկվայում երկրի դեսպանատան միջոցով։