

Հայաստանը Ռուսաստանի լուրջ ազդեցության տակ է հայտնվել, ՙԱմերիկայի ձայնին՚ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆֆը: Նրա խոսքով, այդ կախվածությունը չի կարելի դրական հանգամանք համարել:
ՙՀայաստանի շահերից է բխում սերտ հարաբերություններ զարգացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ- հետ: Հայաստանի գերակայություններից է բխում նաև կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության զարգացումը և երկրի բնակչության զբաղվածության ապահովումը՚,- ընդգծել է Ադամ Շիֆֆը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական և ռազմական աջակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից: ՙՄենք ցանկանում ենք, որ Հայաստանը դառնար Կովկասի Սիլիկոնյան հովիտը, քանի որ ինտելեկտուալ կարողություններն անհնար է շրջափակման ենթարկել: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար՚ - ասել է Շիֆֆը:



