Արմինֆո.Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
«Մասնավորապես՝ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում «Երեխաների պաշտպանության մասին և օտարերկրյա որդեգրումների ոլորտում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) խախտմամբ գործունեություն իրականացնելու մասին, պատասխանատու լինելով որդեգրման հետ կապված ֆինանսական կամ այլ օգուտի ստացումը կանխելու համար, չի իրականացրել որևէ հսկողություն: Արդյունքում՝ ոլորտում գործող կազմակերպությունները, առանց թույլտվության և համապատասխան ընթացակարգ անցնելու, շարունակել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում:
Բացի այդ, Ա.Ս.-ն, ունենալով մտերիմ հարաբերություններ օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Ա.Գ.-ի հետ (որդեգրումների վերաբերյալ դատարանում քննվող քրեական վարույթով մեղադրյալ), դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները կատարելու ուղղությամբ (որդեգրման կապակցությամբ ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելում և որդեգրման միջնորդական գործունեության կանխում):
Արդյունքում՝ Ա.Գ.-ն ոչ միայն ստացել է չարդարացված ֆինանսական օգուտ, այլև յուրաքանչյուր երեխայի որդեգրման գործընթացն իրականացնելու համար ստացել է առանձին փոխհատուցում, ինչը հակասում է Կոնվենցիային. յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար Ա.Գ.-ին փոխանցվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ծախսերի համար պահանջվող չափից ակնհայտ բարձր գումար:
Բացի վերոնշյալը, օտարերկրացիների կողմից ներկայացված փաստաթղթերում բացակայել են երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված փաստաթղթերն այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով: Ա.Ս.-ն, լինելով վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ուսումնասիրելով որդեգրողների դիմումները և ներկայացված փաստաթղթերը, ՀՀ կենտրոնական մարմնի ղեկավարին (ՀՀ արդարադատության նախարարին) առաջարկել է օտարերկրացիներին տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն՝ անտեսելով երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր վերոնշյալ փաստաթղթի բացակայությունը:
Ա.Ս.-ի արարքների արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ. օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող անձի կողմից անխոչընդոտ կատարվել է ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երկու և ավելի երեխաների վաճառք:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) (10 դրվագ):
Նույն քրեական վարույթի շրջանակում՝ 2023 թվականի մայիսին, քրեական հետապնդում էր հարուցվել ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով 20 հազար եվրոյով և 5 հազար ԱՄՆ դոլարով երկու երեխաներին վաճառելու փորձ կատարած Դ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու կամ ավելի երեխայի վաճառքի փորձ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը))», - ասվում է հաղորդագրությունում: