Արմինֆո. Հայաստանի կառավարությունը նախատեսում է մշակել և ներդնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար: Այդ մասին հոկտեմբերի 17-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով, ներկայում յուրաքանչյուր վերաբնակչի հաշվով 100 հազար դրամ միանվագ օգնություն արդեն ստացել է ավելի քան 80 հազար մարդ, չնայած այն բանին, որ ի սկզբանե նախատեսվում էր միջոցներ ուղղել 60 հազար մարդու համար:
Աջակցություն է տրամադրվում նաև երեխաներին, ինչի կապակցությամբ ստեղծվել է առանձին հարթակ, որտեղ մայրերը հայտնում են իրենց երեխաների վերաբերյալ տվյալները, որոնց ամփոփումից հետո շուրջ 30 հազար երեխա կստանա 27300-ական դրամ: Անցած շաբաթվա վերջին հաջողվել է վճարումներ կատարել 14 593 երեխայի համար։ Մնացած անչափահասների վերաբերյալ տվյալներն ամփոփվում են, և վճարումները կկատարվեն առաջիկա օրերին:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ շարունակվում է միջնաժամկետ ծրագրի իրականացումը ՝ յուրաքանչյուր վերաբնակչի համար 40 հազարական դրամ տարածքի վարձակալության և 10 հազարական դրամ կոմունալ ծառայությունների դիմաց, բացառությամբ նրանց, ովքեր Հայաստանում տուն կամ բնակարան ունեն: Ի դեպ, վերջիններս կկարողանան օգտվել կոմունալ վճարումների աջակցության ծրագրից: Կառավարության առաջիկա նիստում այդ ծրագիրը կհաստատվի, և ֆինանսավորումը կբացվի։
Այս տարվա նոյեմբերին կգործարկվի ևս մեկ էլեկտրոնային հարթակ, որտեղ ղարաբաղցիները, մեկ անգամ դիմում ներկայացնելով, կարող են ֆինանսական աջակցություն ստանալ:
Մկրտչյանը նշել է, որ վերաբնակիչները կարող են այցելել սոցիալական ծառայությունների 47 կենտրոններից մեկը, որտեղ աշխատատեղերի մասին տեղեկատվություն կստանան: Այս պահի դրությամբ ավելի քան 100 մարդ, կենտրոններում խորհրդատվություն ստանալով, կարողացել է աշխատանք գտնել ։ -