Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մատնանշել է միջազգային դերակատարների երկակի ստանդարտները և Արցախում էթնիկ զտումների լուռ խրախուսումը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողության մեկնարկի մասին՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։
«Ես, իհարկե, դեմ չեմ Գազայի խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների պաշտպանությանը և ինչ տեղի է ունենում վերջին օրերին, պարզապես մարդկային ողբերգություն է` երկուստեք հարյուրավոր զոհեր կանանց և երեխաների շրջանում:
Բայց ինչու՞ միջազգային դերակատարները հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ, ինչու՞ էին նույն դերակատարները լուռ հետևում ադրբեջանական ագրեսիային և որպես հետևանք Արցախում էթնիկ զտումների իրականացմանը:
Թե ինչ թշնամություն է գործել մեր ժողովրդի նկատմամբ հայաստանյան իշխանությունն, արդեն բոլորին է պարզ, բայց դա չի արդարացնում միջազգային խաղացողներին` իրենց անտարբերությամբ ու լռությամբ հարյուրավոր զոհերի և մարդկանց հայրենազրկմանը տանելու կամ այդ գործընթացին նպաստելու համար», - նշել է Աբրահամյանը:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի 120 հազար բնակչության նկատմամբ իրականացված շրջափակման ժամանակ քաղաքակիրթ միջազգային հանրությունը միայն լուռ հետևում էր, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները սովի մատնել ԼՂՀ ողջ բնակչությանը՝ պարբերաբար դատարկ հայտարարություններ անելով։ Չնայած Արցախի իշխանությունները բազմիցս կոչ են արել բացել օդային միջանցքը՝ միջազգային հանրությունն անտարբեր է մնացել այդ կոչերի նկատմամբ: Ավելին, այնուհետև նրանք նաև լուռ հետևում էին, թե ինչպես է Ադրբեջանը կազմակերպել Արցախի բնակչության էթնիկ զտումը։