Արմինֆո. Սահմանադրական դատարանը ճանաչել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից սահմանադրության խախտումը: Ինչպես հայտարարել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան, դատարանի եզրակացությանը կցվելու է ՍԴ պլենումի երեք անդամների՝ Իրինա Իմերլիշվիլիի, Գեորգի Կվերենչխիլաձեի եւ Թեյմուրազ Տուգուշիի հատուկ կարծիքը:
"Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2023 թվականի օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին ու 6-ին արտերկիր կատարած աշխատանքային այցերի ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում իր ներկայացուցչական լիազորություններն իրականացրել է առանց Վրաստանի կառավարության համաձայնության՝ դրանով իսկ խախտելով Վրաստանի սահմանադրության 52-րդ հոդվածի 1-ին կետի <ա> ենթակետի դրույթները: ՍԴ եզրակացությունը ուժի մեջ է Վրաստանի Սահմանադրական դատարանի կայքում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման կամ վերանայման", - հայտարարել է Մերաբ Տուրավան:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայն»-ը, սեպտեմբերի 12-ին Վրաստանի նախագահի իմփիչմենթի հարցով խորհրդարանի 80 պատգամավոր դիմել էր Սահմանադրական դատարան: Վրաստանի նախագահի իմփիչմենթի հարցով խորհրդարանը կքվեարկի 2 շաբաթվա ընթացքում: Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնից հեռացնելու համար "կողմ" պետք է քվեարկի 100 պատգամավոր։ Խորհրդարանի որոշման համաձայն, այդ լիագումար նիստը կարող է հայտարարվել դռնփակ: Վրաստանի նախագահը իմփիչմենթի կարգով պաշտոնից հեռացված կհամարվի, եթե խորհրդարանի ընդհանուր կազմի առնվազն երկու երրորդը աջակցի այդ որոշմանը: Իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անելու քվեարկությունը գաղտնի է: Բացի այդ, եթե խորհրդարանը կողմ չքվեարկի իմփիչմենթի միջոցով պաշտոնյային աշխատանքից ազատելու համար ընթացակարգով սահմանված ժամկետում, կամ խորհրդարանի համապատասխան թվով անդամներ չաջակցեն այդ որոշմանը, հարցը կփակվի, և անընդունելի է նույն մեղադրանքը ներկայացնել վերը նշված անձանց: -