Արմինֆո. Ընդդիմադիր "Արդարություն" խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը զրպարտության համար հայց կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ:
Նշենք, որ ավելի վաղ Հակոբյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության կրթության նախկին փոխնախարար Սարգիս Գալստյանը Բաքվի օկուպացիոն իշխանությունների կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ: Հաջորդ օրն այդ տեղեկությունը հերքել էր նրա ազգական Դավիթ Գալստյանը։
"Այդ անձը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե Սարգիս Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի պարետ, և, ցավոք, դա առավելագույն տարածում է ստացել ԶԼՄ-ներում ։ Առաջիկա օրերին Թաթուլ Հակոբյանի դեմ զրպարտության համար հայց կներկայացվի", - հայկական լրատվամիջոցներին հաղորդել է Դավիթ Գալստյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահն օկուպացված Արցախ այցելության շրջանակներում Սարդար Սաֆարովին նշանակել է օկուպացված Ստեփանակերտի պարետ:
Ադրբեջանական լրատվամիջոցներից հայտնի է դարձել, որ Սաֆարովը ծնվել է 1973 թվականին Սումգայիթում: Ավարտել է Ադրբեջանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը, Թուրքիայի ժանդարմերիայի սպաների դպրոցը և ՆԳՆ ոստիկանական ակադեմիան։ 1996-2005թթ. ծառայել է ԱՀ ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետ: 2019-2022 թվականներին զբաղեցրել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության հասարակական անվտանգության վարչության պետի տեղակալի և տվյալ վարչության պետի պաշտոնները։ Այնուհետև նշանակվել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետի ՝ ծառայողական աշխատանքի գծով տեղակալ։ 2023 թվականի հունվարին Սաֆարովը գլխավորել է ԱՀ ՆԳՆ հասարակական անվտանգության գլխավոր վարչությունը ։ Անցած տարվա հուլիսին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։