Արմինֆո. Մոսկվան մնում է շատ կարևոր միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորման համար, տրամաբանական կլիներ, եթե այդ երկրների միջև բանակցություններն անցկացվեին ռուսական հարթակում: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Դուք լսել եք նախագահի խոսքերը։ Նա ասել է, որ մենք պատրաստ ենք, նախ, կազմակերպել "նախարարական մարաթոն", եթե պահանջվի, այն կտեւի մի քանի օր, որպեսզի արդյունքի հասնեն։ Մենք պատրաստ ենք տրամադրել մեր հարթակը։ Մոսկվան նախկինի պես շատ կարեւոր միջնորդ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի կարգավորում ավարտին հասցնելու համար", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, իհարկե, տրամաբանական կլիներ, եթե բանակցություններն անցկացվեին ռուսական հարթակում։ "Բայց ընտրությունն, իհարկե, Բաքվինն ու Երևանինն է։ Բաքուն բավական կառուցողական դիրքորոշում ունի այդ հարցում։ Երևանը դեռ հստակ չի կողմնորոշվել։ Սպասում ենք արձագանքի", - հավելել է նա, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Այսօր Պուտինը, ելույթ ունենալով ԱՊՀ ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Բաքվին և Երևանին ամենայն աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում, այդ թվում՝ Մոսկվայում հարթակ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար: