Արմինֆո.Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ։
Նույն օրը Ժնևում Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը բարձր է գնահատել Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Ադրբեջանի կողմից էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված փախստականներին տրամադրվող աջակցության ուղղությամբ։
Այս համատեքստում կարևորվել է նախօրեին՝ ՄԱԿ-ի և Գործընկերների կողմից հայտարարված՝ ԼՂ փախստականների կարիքներին համահունչ Հայաստանի կառավարությանը աջակցելու համատեղ կոչը։
Քննարկվել է ԼՂ փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ։