Արմինֆո. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան: Այդ մասին ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հաղորդել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ՝ նա արդեն ուղեւորվել է Երևան։ Այդ համատեքստում Պեյչինովիչ-Բուրիչը հավելել է, որ ԵԽ հատուկ ներկայացուցիչը կազմելու է Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքների քարտեզ, որից հետո Եվրոպայի խորհուրդը կմշակի ծրագիր, թե ինչպես անհապաղ օգնություն ցուցաբերել այդ մարդկանց:
"Բայց, իհարկե, դեռ հարց կա, թե երբ և ինչպես պետք է այդ մարդիկ վերադառնան տուն, քանի որ, կարծում եմ, ոչ ոք չի ցանկանում փախստական լինել, ոչ ոք չի ցանկանում լքել այն վայրը, որտեղ ծնվել է կամ նախնիները ծնվել են", - ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը, ընդգծելով ամեն ինչ անելու անհրաժեշտությունը, որպեսզի Արցախի բնակիչներին թույլ տրվի վերադառնալ հայրենիք:
Նա նաև հույս է հայտնել, որ կհաջողվի քարտուղարությունից առաքելություն ուղարկել Ադրբեջան, որը կզրուցի ադրբեջանական իշխանությունների հետ և կտեսնի, թե ինչպես են նրանք գնահատում իրավիճակը Ադրբեջանում: "Բայց, դրա հետ մեկտեղ, ես կոչ եմ անում Ադրբեջանին իսկապես լիովին կիրառել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան", - նշել է նա, հույս հայտնելով, որ այդ ճակատներում գործադրված ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան վերադառնալ տուն: