Արմինֆո. Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն: Առաջինը` քառակողմ հայտարարությունն էր՝ նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և իմ: Եվ երկրորդը՝ մեր երկկողմ հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Արձանագրվեց, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս: Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաջորդը՝ երկու հայտարարություններում էլ արձանագրվեց Եվրամիության և մեր տեսակետից՝ որոնք պետք է լինեն մեր տարածաշրջանում խաղաղության հենասյուները: Այդ հենասյուներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդգծումով տարածքների չափերի, որի մասին բազմիցս խոսել ենք, երկրորդը, որ սահմաններին դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և նաև համաձայն՝ կողմերին փոխանցված Խորհրդային միության վերջին շրջանի քարտեզների:
Եվ երրորդը, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո: Եվ նաև այն, որ արձանագրվեց, դատապարտվեց ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, արձանագրվեց ԼՂ ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց Եվրամիության և նաև Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցել այս գործընթացը, հումանիտար իրավիճակը կառավարելու առումով, արձանագրվեց, որ ԼՂ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք պետք է ունենան առանց նախապայմանների, և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի:
Եվ արձանագրվեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան, ըստ էության, Հայաստանը կցանկանա կամ այնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին: Սրանք առավելություններ են: Հիմա ո՞րն է թերությունը կամ բացը: Բացն այն է, որ հայտարարությունը, մասնավորապես, առաջին հայտարարությունը, քառակողմ է և ոչ թե հնգակողմ: Այսինքն՝ եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ պետք է լիներ հնգակողմ, բայց Ադրբեջանի ստորագրության բացակայությունն այդ փաստաթղթի ներքո, իհարկե, թերություններից է: Որովհետև եթե, օրինակ՝ այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մենք մինչև տարվա վերջ կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70 տոկոսից ավելի բարձր է», - ասել է կառավարության ղեկավարը:
Հարցին, թե արդյոք Գրանադայում հայտարարությունների ստորագրումը կազդի Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի հետքաշման վրա, Փաշինյանը նշել է, որ այդ հարցը դիտարկվում է վերը նշված կետերի համատեքստում: Մասնավորապես, նա ընդգծել է, որ երբ դելիմիտացիայի հիմքում դնում ենք կոնկրետ քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, և դա նշանակում է, որ դելիմիտացիայի պրոցեսում այդ սահմանի խախտումները պետք է վերացվեն: «Հիմա պրոբլեմն այն է, որ այս ձևակերպման տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից առնվազն արևմտյան տիրույթում ձևավորվել է արդեն պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի հիմքն ապագա խաղաղ կարգավորման», - ընդգծել է նա: