Արմինֆո.Տիգրան Ավինյանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ: Դա պարզ դարձավ հոկտեմբերի 10-ին կայացած Երևանի նորընտիր ավագանու քվեարկության արդյունքում։
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը: Նիստում առաջադրվել է միայն իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որին կողմ է քվեարկել ավագանու 32 անդամ, դեմ՝ 5 - ը: Ինչպես և սպասվում էր, Ավինյանի քաղաքապետ ընտրվելու օգտին հանդես են եկել "Հանրապետություն" և "Հանրային ձայն" կուսակցությունները: Վերջինս, ի դեպ, մշտապես իրեն դիրքավորում էր որպես ընդդիմադիր քաղաքական ուժ։
Իր ելույթում նորընտիր քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով երևանցիներին ընտրության համար, նշել է, որ արդյունքում հաղթել են ազնվությունն ու արդարությունը: Ավինյանն ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները կարևորագույն ինստիտուցիոնալ հիմք են ստեղծում երկրի և Երևանի զարգացման համար: