Արմինֆո. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում կայացած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Ինչպես հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Բայրամովը պարծեցել է Արցախի դեմ հերթական ագրեսիայով, որն իրականացվել է "հակաահաբեկչական միջոցառումների" պատրվակով: Այնուհետև, ավանդույթի համաձայն, նա հայկական կողմին մեղադրել է սադրանքների և խաղաղ գործընթացը տորպեդահարելու համար և խոսել է Արցախի բռնի կլանման և Լեռնային Ղարաբաղի հայաթափման գործընթացի մասին։ "Նշվել է, որ հայ բնակիչների հեռացումն Ադրբեջանից տեղի է ունենում կամավոր և սեփական որոշման հիման վրա, և որ այդ քայլը ոչ մի աղերս չունի որևէ բռնի տեղահանման հետ, ինչը հաստատել են ինչպես Հայաստանի վարչապետը, այնպես էլ միջազգային կազմակերպությունները։ Այդ համատեքստում նշվել են ՄԱԿ ներկայացուցիչների այցերը տարածաշրջան և առաքելության հայտարարությունները՝ վերջին 30 տարվա ընթացքում առաջին այցի արդյունքներով", - ցինիկաբար նշել է Բայրամովը